Условия и положения

UEX-Ի ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.    UEX-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 
1.1.    Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ Ընդհանուր դրույթներ) կիրառվում են USA EXPRESS INC-ի (այսուհետ՝ UEX) կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ: Սույն Ընդհանուր դրույթները համարվում են UEX-ի և Պատվիրատուի (այսուհետ՝ Պատվիրատու) միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) անբաժան մասը:
1.2.    Սույն Ընդհանուր դրույթներով Պատվիրատուն կամ UEX-ը առանձին անվանվում է նաև Կողմ, իսկ միասին՝ Կողմեր:
1.3.    Սա համաձայնագիր է ձեր և UEX միջև: Նախքան Ծառայություններից օգտվելը,  խնդրում ենք կարդալ Ընդհանուր դրույթները, օգտագործման պայմանները և այլ կիրառելի կանոնները, քաղաքականությունները և այլ դրույթները: Օգտվելով UEX-ի ծառայություններից՝ դուք համաձայնվում եք պարտավորված լինել սույն Ընդհանուր դրույթների պայմաններով ձեր օգտահաշվով UEX ծառայություններից օգտվող այլ անձանց անունից: Եթե դուք չեք ընդունում սույն պայմանները, ապա չեք կարող օգտվել UEX-ի ծառայություններից:
1.4.    Սույն Ընդհանուր դրույթների իմաստով հետևյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը՝ 
Գործակալ՝ «Յուէսա Էքսպրեսս» ՍՊԸ-ն, համաձայն «Յուէսա Էքսպրեսս» ՍՊԸ և USA EXPRESS INC-ի միջև 2018 թվականին կնքված գործակալության պայմանագրի։
Ծառայություններ՝ փոստային առաքանիների, բեռների, էքսպրես բեռների և առաքանիների բեռնափոխադրման (փոխադրման ծառայությունների կազմակերպման) ծառայությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներից դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչի կազմակերպումը մինչև Հայաստանի Հանրապետություն իրականացվում USA EXPRESS INC -ի կողմից, ով գործակալության պայմանագրի շրջանակներում հանդիսանում է Պրինցիպալ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում Առաքանիների ստացումը և փոխանցումը Պատվիրատուներին պետք է իրականացվի «Յուէսա Էքսպրեսս» ՍՊԸ կողմից, ով գործակալության պայմանագրի շրջանակներում հանդես է գալիս որպես Գործակալ:
Պայմանագիր – Գործակալի հրապարակային օֆերտայի հիման վրա Պատվիրատուի կողմից ակցեպտավորված և վերջիններիս միջև կնքված Բեռների փոխադրման (փոխադրումների կազմակերպման) հրապարակային պայմանագիր։
Պատվիրատու - Ֆիզիկական կամ իրավաբանական անձ (կամ ներկայացուցիչ), ով, Կայքի օգտագործման պայմաններին համապատասխան, Կայքում ունի օգտահաշիվ և օգտվում է Ծառայություններից Գործակալի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ Ծառայությունների Ընդհանուր դրույթներին և պայմաններին համապատասխան։
Կայք - Պրինցիպալի տնօրինման տակ գտնվող և Գործակալի օգտագործմանը հանձնված ինտերնետ ցանցում երրորդ անձանց և պոտենցիալ Պատվիրատուներին հասանելի էլեկտրոնային կայք՝ www.uex.am հասցեով, որի միջոցով իրացվում են Ծառայությունները, ներառյալ Գործակալի կողմից Պատվիրատուների հետ Ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով։ 
Սակագին - Ծառայություններից օգտվելու դիմաց վճարման կարգ, որը որոշվում է UEX-ի կողմից հաստատված և գործող սակագներով, որը հրապարակվում է Կայքում, հասանելի է Կայքում մուտք գործած յուրաքանչյուր անձի համար և կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել UEX-ի կողմից միակողմանիորեն՝ այդ մասին ծանուցելով Պատվիրատուին կամ տեղադրելով նոր սակագինը Կայքում։ 
(Փոստային) Առաքանի - Պատվիրատուի կողմից երրորդ երկրից գնված ապրանք (գույք, ապրանք, իր, բեռ և այլն), որի առաքման հասցեն (ստացման վայրը) հանդիսանում է Պրինցիպալի Պահեստը, որը ենթակա է փոխադրման ՀՀ տարածք և որի ստացման և հանձնման կազմակերպումը Պատվիրատուին պետք է իրականացվի Գործակալի կողմից։
Պահեստ - Պրինցիպալի կողմից օգտագործվող տարածք, որտեղ հավաքագրվում են (ստացվում են) Առաքանիները՝ Ծառայությունների մատուցման շրջանակներում դրանք ՀՀ ուղարկելու նպատակով։
Արգելված առաքանի - արգելված առարկաներն են՝ հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր, թանկարժեք քարեր և մետաղներ, պատմական արժեք ունեցող արվեստի գործեր, թունավոր կենդանիներ և բույսեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ, շուտ փչացող սննդամթերք, առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել UEX աշխատողներին, աղտոտել UEX-ի մյուս առաքանիներն ու սարքավորումները կամ առարկաներ, որոնց տեղափոխումն արգելված է միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա(ուղարկող երկրի) պետության օրենսդրությամբ:  
1.5.    Որպես կանոն, Ծառայությունները մատուցվում են աշխատանքային և շաբաթ օրերին (Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված կառավարության որոշմամբ սահմանված ոչ աշխատանքին օրերին՝ Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00:

2.    ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎԸ․
2.1.    Ծառայություններից օգտվելու համար Պատվիրատուն պետք է ունենա սեփական UEX օգտահաշիվ։ Կայքը հագեցած է ավտոմատացված համակարգերով, և լրացնելով պահանջվող անձնական տվյալները և այլ տեղեկատվությունը, Պատվիրատուն ստեղծում է իր օգտահաշիվը և ցանկացած Առաքանի (Առաքանու տվյալներ) պետք է լրացվի օգտահաշվի համապատասխան դաշտերում։  Ըստ անհրաժեշտության, կարող է պահանջվել ունենալու օգտահաշվին կցված վճարման վավեր եղանակ:
2.2.    Պատվիրատուն պատասխանատու է օգտահաշվի և գաղտնաբառի գաղտնիությունը պահպանելու և երրորդ անձանց կողմից օգտահաշիվ մուտք գործելը սահմանափակելու համար և Պատվիրատուն է կրում պատասխանատվություն օգտահաշվի կամ գաղտնաբառի ներքո կատարվող բոլոր գործողությունների համար:
2.3.    UEX-ի ծառայություններից կարող են օգտվել լրիվ գործունակ (18 տարին լրացած անձինք, հաշվի առնելով նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված բացառությունները): Եթե պարզ է դառնում, որ օգտահաշիվը պատկանում է 18 տարեկանից ցածր անձի, UEX-ն իրավունք ունի իր հայեցողությամբ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, կասեցնել օգտահաշվի կառավարումը կամ չեղարկել պատվերները, այն է՝ միակողմանի հրաժարվել իր պարտականությունների կատարումից և լուծել գործող պայմանագիրը:
2.4.    Կայքում գրանցվելիս, ինչպես նաև դրա հետագա օգտագործման ընթացքում Պատվիրատուն տրամադրում է իր գրանցման տվյալները (ներառյալ անձնական տվյալները), ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ լրիվ անվանումը(անուն, ազգանուն և հայրանուն), հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն, ծննդյան ամսաթիվը և այլն։
2.5.    UEX-ի՝ օգտահաշվի հետ կապված իրավասություններն են՝ դրանց հավաքում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացումներ, փոփոխություններ), քաղվածքի վերհանում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, մուտք), արգելափակում, ջնջում, ոչնչացնում գրանցման տվյալները (ներառյալ անձնական տվյալները):
2.6.    UEX-ը պատասխանատվություն չի կրում գրանցման ընթացքում Պատվիրատուի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտության և ճշտության համար․ դրա ամբողջ պատասխանատվությունը, այդ թվում Ծառայությունների մատուցման ընթացքում դրանից բխող ռիսկերը, կրում է Պատվիրատուն:
2.7.    Օգտահաշվի ստեղծմամբ Պատվիրատուին տրամադրվում է նույնականացնող տվյալ, որի կիրառմամբ է Պատվիրատուի Առաքանին նույնականացվում Պահեստում։ 

3.    ԱՌԱՔԱՆՈՒ ՍՏԱՑՈՒՄԸ ՊԱՀԵՍՏՈՒՄ
3.1.    UEX-ի Ծառայություններից օգտվելիս Պատվիրատուն պարտավոր է ունենալ բավարար դրամական միջոցներ իր օգտահաշվում։
3.2.    Առաքանին Պահեստ ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի որպես Պատվիրատուի գնված ապրանքի առաքման հասցե նշված լինի Պահեստի գտնվելու վայրի հասցեն։ Առաքանու վերաբերյալ տվյալները, ներառյալ՝ բեռի պարունակությունը, գինը, այլ պահանջվող և Կայքում լրացման ենթակա տեղեկությունները  ամբողջությամբ պետք է տրամադրվել UEX-ին, հակառակ պարագայում դրա բացասական հետևանքը, այդ թվում Առաքանու չընդունումը Պահեստ կամ դրա առաքման ժամկետների ձգձգումը/ուշացումը/ կրում է Պատվիրատուն։ UEX-ը պատասխանատվություն չի կրում նաև այնպիսի Առաքանիների համար, որոնց վերաբերյալ բացակայում են (չեն փոխանցվել կամ տրամադրվել) ուղեկցական փաստաթղթերը կամ անհրաժեշտ տվյալները։
3.3.    Առաքանին ստանալիս իրականացվում է դրա, ներառյալ՝ Առաքանու պարունակության, նույնականացում, փաստացի վիճակի արձանագրում, ըստ անհրաժեշտության՝ լուսանկարման կամ տեսանկարահանման միջոցով։
3.4.    Առաքանին համարվում է Պահեստում ընդունված այդ մասին Պատվիրատուին ծանուցելու օրվանից սկսված, որը սակայն չի կարող ավելի շուտ լինել, քան Առաքանին Պահեստում փաստացի ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը։
3.5.    UEX-ը իրավասու է, առանց լրացուցիչ վճարների, փոփոխել Առաքանու փաթեթավորումը, վերափաթեթավորել այն կամ հեռացնել փաթեթավորումը, եթե դա չի վնասում կամ չի վնասի Առաքանու փաստացի վիճակին։
3.6.    Ամեն դեպքում UEX-ը չի կրում որևէ պատասխանատվություն Առաքանու սխալ կամ թերի փաթեթավորման հետևանքով դրա վնասի կամ (մասնակի) ոչնչացման համար: UEX-ը պարտավորվում է իրականացնելու իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի արդեն իսկ վնասված տեսքով ստացված Առաքանու վերաբերյալ նախապես հնարավոր լինի հայտնել Պատվիրատուին՝ վերջինիս կողմից երրորդ անձանց հետ հարաբերություններում այդպիսի տվյալները կամ դրանից ծագող պահանջները ներկայացնելու համար։ Սույն կետով նախատեսվածը որևէ կերպ չի հանդիսանում հիմք Պատվիրատուի կողմից Ծառայությունների դիմաց վճարումից հրաժարվելու համար։
3.7.    Առաքանին Պահեստում ընդունելուց հետո UEX-ի կողմից դրա  վերաբերյալ տվյալները (քաշը, Պատվիրատուի կողմից վճարման ենթակա գումարը, ՀՀ առաքվելու սպասվող ամսաթիվը և այլն) լրացվում են Կայքում։
3.8.    Պատվիրատուն տեղեկացված է, որ Առաքանին Պահեստում ընդունմամբ վերջինս արդեն իսկ կրում է դրա փոխադրման համար UEX-ին վճարելու պարտավորությունը, որը պետք է իրականացվի Առաքանին ՀՀ առաքվելուց հետո 5-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչև Առաքանին ստանալը։

4.    ԱՌԱՔԱՆՈՒ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ․ ԱՌԱՔԱՆՈՒ ՍՏԱՑՈՒՄԸ 
4.1.    Առաքանու առաքումն իրականացվում է սույն կանոններով սահմանված պայմաններով և Պատվիրատուների հետ առկա պայմանագրերով, UEX-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը մոտավոր է և կարող է փոփոխվել (երկարաձգվել կամ կրճատվել), եթե առաջանան այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս առաքումն իրականացնել առավել կրճատ ժամկետներում:
4.2.    Առաքման Մեթոդի Ընտրություն և Փոփոխություն
4.2.1.    Այն դեպքերում, երբ պատվիրատուն չի գրանցել իր պատվերը UEX կայքում և չի ընտրել առաքման մեթոդը, UEX-ը իրավունք ունի իր հայեցողությամբ ընտրելու առաքման մեթոդը: UEX-ը կարող է ընտրել առկա ամենաարագ առաքման մեթոդը՝ առանց պատվիրատուի լրացուցիչ հաստատման։
4.2.2.    Բացի այդ, եթե ապրանքի ֆիզիկական հատկանիշների պատճառով ընտրված առաքման մեթոդով առաքումն իրականցնելմ անհնար է  կամ ապրանքը արգելված է ընտրված մեթոդով առաքելու համար, UEX-ը իրավունք ունի փոփոխելու առաքման մեթոդը՝ ապահովելով համապատասխանության և կանոնների պահպանման պահանջները։ Այդ դեպքերում պատվիրատուն կտեղեկացվի փոփոխության մասին, և առաքման նոր մեթոդի հիման վրա կիրառվող վճարները ուժի մեջ կմտնեն:

4.3.    Առաքանին Պատվիրատուի անվամբ ներմուծելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Պատվիրատուն իրականացնի դրա հայտարարագրման համար անհրաժեշտ տվյալների, այդ թվում՝ մաքսային արժեքի լրացում UEX-ի Կայքում։
4.4.    UEX-ի կողմից մաքսային ընթացակարգերի պահանջների պահպանմամբ Առաքանին մաքսային պահեստից ստանալուց հետո այն փոխանցվում է Պատվիրատուին կամ նրա մատնանշած անձին՝ Առաքանին առաքման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո, ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրյա ժամկետում։ 
4.5.    Պատվիրատուն իրավունք ունի նաև, նախապես համաձայնեցնելով UEX-ի հետ, անձամբ մոտենալ և ստանալ Առաքանին UEX-ի հասցեում՝ ներկայացնելով անհրաժեշտ նույնականացնող տվյալները։ Տարամեկնաբանություններից խուսափելու նպատակով UEX-ը հայտարարում է և Պատվիրատուն հաստատում է, որ Առաքանու ստացման համար անհրաժեշտ նույնականացնող տվյալները ուղարկվում են բացառապես Պատվիրատուին, համապատասխանաբար, UEX-ը պատասխանատվություն չի կրում այդպիսի նույնականացնող տվյալների օգտագործմամբ Առաքանու ստացումը այլ անձանց կողմից։ Այդպիսի դեպքերը համարվում են Առաքանու պատշաճ փոխանցում Պատվիրատուին։
4.6.    Առաքանին ստանալու համար Ծառայությունների արժեքը Պատվիրատուի կողմից ենթակա է վճարման նախապես։
4.7.    UEX-ը հայտարարում է, իսկ Պատվիրատուն համաձայնվում է, որ Առաքանին 1 ամիս և ավել չստանալը նշանակում է Պատվիրատուի կողմից հրաժարվել Առաքանու նկատմամբ սեփականության իրավունքից, որի դեպքում կիրառելի է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի կանոնները։

5.    ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ․ ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐ
5.1.    Այն չափով, որքանով դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ և այնքանով, որքանով UEX-ը ուղղակի պատասխանատու է որևէ վնասի համար, UEX-ը պատասխանատու է միայն Առաքանիների իրական վնասների համար: UEX-ը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում այլ անձանց գործողությունների հետևանքով հասցված վնասի, բաց թողնված օգուտի կամ փոխադրումների ընդհատումներից առաջացած վնասների համար։ UEX-ի պատասխանատվությունը սահմանափակվում է միայն Ծառայությունների մատուցման ընթացքում Առաքանուն հասցված փաստացի և իրական վնասով:
5.2.    Կողմերը տեղյակ են և համաձայն, որ UEX-ը չի իրականացնում արգելված առաքանիների փոխադրում։ 
5.3.    Արգելված առաքանու հայտնաբերման դեպքում UEX-ն իրավունք ունի սեփական հայեցողությամբ տնօրինելու այդպիսի Առաքանին, ներառյալ վերադարձնելու, ոչնչացնելու կամ իրականացնելու օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ։ Արգելված իրերի ցանկը սահմանված է Ընդհանուր դրույթներով, վերջնական չէ և կարող է փոփոխվել ցանկացած ժամանակ։ ՀՀ գործող օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով արգելված իրերի փոխադրման հետ կապված որևէ սահմանափակման ավելացումը ուղղակիորեն նշանակում է այդպիսի իրերի փոխադրման անհնարինությունը UEX-ի կողմից, այն է՝ արգելված իրերի ցանկը ուղղակիորեն կախված է նաև գործող օրենսդրության փոփոխություններից։ 

6.    ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
6.1.    Ծառայություններից օգտվելու դիմաց վճարման կարգը որոշվում է UEX-ի կողմից հաստատված և գործող Սակագներով, որը հրապարակվում է Կայքում, հասանելի է Կայքում մուտք գործած յուրաքանչյուր անձի համար և կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել UEX-ի կողմից՝ այդ մասին ծանուցելով Կայքում կամ տեղադրելով (հրապարակելով) նոր Սակագինը Կայքում։
6.2.    Առաքանու քաշի որոշման համար հիմք է ընդունվում դրա փաստացի քաշը, ներառյալ փաթեթավորումը և այլն։ Քաշը ենթակա է միջինացման 100 գրամ ճշտությամբ դեպի վերև՝ սկսած 5 գրամից։ Օրինակ, եթե Առաքանու քաշը կազմում է 1013 գրամ, ապա Ծառայության արժեքի որոշման համար հիմք է հանդիսանալու 1100 գրամը ( 1.1 կիլոգրամը)։ 
6.3.    Բացի Առաքանու քաշից, Ծառայությունների արժեքի հաշվարկման համար կարող են ավելացվել նաև լրացուցիչ գումարներ՝ կապված Առաքանու ծավալի հետ։ Այդպիսի դեպքեր են, երբ Առաքանու լայնության, բարձրության և երկարության հանրագումարը ավել է 150 (հարյուր հիսուն) սանտիմետրից և ծավալային քաշը գերազանցում է Առաքանու փաստացի քաշը 2 կամ ավել անգամ։ Ծավալային քաշի հաշվարկի դեպքում հիմք է ընդունվում հետևյալ բանաձևը՝ ԵրկարությունxԼայնությունxԲարձրություն / 5000 (սմ / կգ): Նշված դեպքերում գործում է այլ Սակագին, որն ամեն դեպքում տեղադրված է Կայքում և հասանելի է Կայքից օգտվողներին։
6.4.    Նախորդ կետում նշված վերահաշվարկը իրականացվում է Առաքանին Պահեստ ընդունելուց հետո՝ մինչև ՀՀ ուղարկելը։ Ծավալային և քաշային արժեքների տարբերության դեպքում հիմք է ընդունվում արժեքներից առավելագույնը։
6.5.    Ծառայությունների դիմաց վճարումը ենթակա է կատարման Պատվիրատուի օգտահաշիվը համապատասխան չափով լիցքավորելու միջոցով, որի պարագայում գումարը փոխանցվում է UEX-ի հաշվին։ Պատվիրատուի կողմից իր պարտավորությունների կատարման ամսաթիվ է համարվում դրամական միջոցները UEX-ի հաշվին մուտքագրելու օրը:
6.6.    UEX-ը հայտարարում է, իսկ Պատվիրատուն ընդունում է, որ Բեռի փոխադրման ժամկետները, որոնք սահմանված են Սակագնում, մոտավոր են և UEX-ի կողմից կարող են միակողմանիորեն ենթարկվել փոփոխությունների։ UEX-ը երաշխավորում է, որ կիրականացնի ողջամտորեն բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի չձգձգվեն նշված ժամկետները։ Այնուամենայնիվ, չի բացառվում այնպիսի հանգամանքներ (օրինակ չվերթների հետաձգում, չեղարկում, եղանակային վատ պայմաններ, արտակարգ դրություններ երրորդ/ուղարկողի/ երկրներում, սեզոնային կամ Ամանորով պայմանավորված ծանրաբեռնումներ, կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցություն և այլն), որոնց դեպքում UEX-ը ստիպված է հետաձգելու Առաքանու ժամանման ժամկետները։ 
6.7.    Նախորդ կետում նշված դեպքերում UEX-ը պարտավորվում է ընդունել և ողջամիտ ժամկետներում քննարկել Պատվիրատուների բողոքները կամ փոխհատուցման պահանջները և այդ մասին տեղեկացնել Պատվիրատուին։

7.    ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ․ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ
7.1.    Կողմերը տեղյակ են և համաձայն, որ ՀՀ օրենսդրությամբ և գործող միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում Առաքանին ենթակա է մաքսազերծման։ Նշված պարտականությունը հանդիսանում է միմիայն Պատվիրատուինը․ ամեն դեպքում UEX-ը կարող է իրականացնել Առաքանու վերաբերյալ լրացուցիչ մաքսային ընթացակարգերի ապահովում և/կամ Առաքանու մաքսազերծվում, ինչը հանդիսանում է լրացուցիչ ծառայություն և կարգավորման առանձին առարկա։
7.2.    Պատվիրատուն տեղեկացված է, որ ՀՀ օրենսդրությամբ և գործող միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում սահմանված են անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար սահմանաչափեր կամ դրանց որոշման ուղեցույցներ, որոնց գերազանցման դեպքում ենթակա է վճարման գերազանցող չափից անհրաժեշտ տոկոսադրույքի չափով մաքսավճարներ։ Այդպիսի դեպքերում Պատվիրատուն համաձայնվում է, որ Առաքանու ստացումը հնարավոր է կատարել միայն մաքսային պարտավորությունները պատշաճ կատարելուց հետո։
7.3.    Սույնով Պատվիրատուն հաստատում և համաձայնվում է, որպեսզի UEX-ի կողմից իրականացվեն անհրաժեշտ գործողությունները՝ Առաքանին ՀՀ ներմուծելու նպատակով անհրաժեշտ մաքսային ընթացակարգերը պահպանելու համար, այդ թվում՝ մաքսային մարմնի պահանջով առաքանու մաքսային զննման գործընթացին UEX-ի (UEX-ի աշխատակիցները) լինեն Պատվիրատուի լիազորված անձը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություններում, հանդես գալ Պատվիրատուի անունից ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի, դրա ցանկացած ստորաբաժանումների, վարչությունների, բաժինների և սպասարկման գրասենյակների (մաքսային մարմինների) հետ հարաբերություններում, Առաքանիների (բեռների) ստացման համար ներկայացնել փաստաթղթեր, ստանալ պատասխաններ, տեղեկանքներ, ստանալ առաքանու վերաբերյալ այլ փաստաթղթեր, առաքանու, բեռի վերաբերյալ ներկայացնել լրացուցիչ անհրաժեշտ տվյալներ, եթե այդպիսիք պահանջվեն պատասխանատու անձանց կողմից, ստանալ Առաքանին, բեռը մաքսային պահեստներից։
Սույն կետը չի նշանակում, որ ՀՀ պետական մարմինների կողմից Առաքանին մաքսային պահեստում, որևէ հիմքով պայմանավորված պահվելու (բաց չթողնվելու) դեպքում UEX-ը կրում է որևէ պարտականություն լրացուցիչ գործողությունների իրականացման համար (այդ թվում՝ մաքսային միջնորդական ծառայությունների իրականացում, բեռի մաքսազերծվում և այլն)։ UEX-ը հայտարարում է և Պատվիրատուն հաստատում է, որ ցանկացած նման պահանջի դեպքում (առաքանու մաքսազերծման, մաքսային լրացուցիչ ձևակերպումների և այլն) Պատվիրատուն ինքն է պարտավոր ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ Առաքանու ստացման համար։ 
Պատվիրատի պարտականությունն է հանդիսանում նաև Առաքանու հետ կապված ցանկացած լրացուցիչ կամ մաքսային վճարումների իրականացումը, եթե այդպիսի վճարումը պարտադիր է ՀՀ գործող օրենսդրությամբ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ մաքսային պահեստում պահման հետ կապված վճարներ, UEX-ի կողմից կատարված վճարները կամ կրած վնասները փոխհատուցելը։

8.    ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
8.1.    UEX-ը պատասխանատվություն է կրում Առաքանու կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար Պահեստ ընդունելուց հետո մինչև Առաքանին Պատվիրատուին, նրա լիազորած անձին հանձնելը, և չի ապացուցում, որ Առաքանու կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք UEX-ը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:
8.2.    Առաքանու փոխադրման ժամանակ պատճառված վնասը UEX-ը հատուցում է`
8.2.1.    Առաքանու կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով, 
8.2.2.    վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված Առաքանու վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով.
8.3.    UEX-ը տեղեկացնում է, իսկ Պատվիրատուն համաձայնվում է, որ Առաքանու կորստի կամ վնասվածքի կամ պակասորդի դեպքում UEX-ին պահանջներ ներկայացնելու դեպքում, նման պահանջների քննարկման ընթացքում հիմք է հանդիսանալու Առաքանու արժեքը, որը սակայան չի կարող ավել լինել, քան սույն Ընդհանուր դրույթների 4.3. կետում նշված հայտարարագրման գինը (Կայքում լրացված գինը): Ամեն դեպքում UEX-ն իրավունք ունի չհամաձայնվելու նշված գնի հետ, եթե ողջամտորեն առկա է հիմնավոր կասկած նշված գնի և Առաքանու իրական արժեքի անհամապատասխանության մասին։
8.4.    UEX-ը պատասխանատվություն չի կրում Առաքանու թաքնված (գործարանային) թերությունների կամ այլ վնասվածքների համար, որը կապված չէ UEX-ի գործունեության հետ և առկա չէ վերջինիս մեղքը։
8.5.    Տարամեկնաբանություններից խուսափելու նպատակով UEX-ը հայտարարում է, որ ամեն դեպքում բացառվում է վերջինիս մեղքով որևէ Առաքանու վնասումը, քանի որ բուն բեռնափոխադրումը իրականացվում է այլ սուբյեկտների կողմից։ UEX-ն իր հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանության համար կարող է իրականացնել Առաքանու վնասվածքի դիմաց փոխհատուցման տրամադրում, որը սակայն չի կարող ավելի լինեք, քան 20.000 ՀՀ դրամը։  
8.6.    Կողմերն ընդունում են, որ սույն մասով նշված կարգավորումները վերաբերելի են այնպիսի ապրանքներին, որոնց արժեքը չի գերազանցում 200 եվրոն։ Նշված չափից ավելի արժողությամբ Առաքանու դեպքում UEX-ը տեղեկացնում է, որ սույն Ընդհանուր դրույթների համաձայն պարտադիր է դրանց ապահովագրությունը Պատվիրատուի կողմից, հակառակ պարագայում UEX-ը չի կրում որևէ պատասխանատվություն դրա վնասվածքի կամ կորստի կամ ոչնչացման համար, իսկ ապահովագրություն չիրականացնելու բացասական հետևանքն ամբողջությամբ կրելու է Պատվիրատուն։ Պատվիրատուն կարող է հանձնարարել UEX-ն իրականացնելու անհրաժեշտ ապահովագրությունը՝ նախապես փոխհատուցելով վճարները և այլ ծախսերը։

9.    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 
9.1.    Ծառայություններից օգտվողն օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որը հասցվել է UEX-ին, UEX աշխատողներին կամ ուրիշ առաքանու, եթե այդ վնասն առաջացել է Պատվիրատուի կողմից արգելված առարկաների ներդրման կամ առաքվող ներդրվածքի թերի փաթեթավորման հետևանքով:
9.2.    UEX-ն իրավունք ունի փոստային առաքանին, որի ներդրվածքը արգելված է առաքման Հայաստանի Հանրապետության տարածքում, չառաքելու և այն պահելու հայտնաբերման վայրում կամ այլ կերպ տիրապետելու:
9.3.    Այդպիսի փոստային Առաքանիների ժամանակավոր պահումն իրականացվում է UEX-ին պատկանող օբյեկտում կամ օգտագործվող շենքերում` ապահովելով դրանց հաշվառումը և պահպանվածությունը: Արգելվում է կողմնակի անձանց մուտքն այդպիսի առաքանիների պահոց: Նման առարկաների հայտնաբերման դեպքում UEX-ն անհապաղ հաղորդում է այդ մասին ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմիններին:
9.4.    Առաքման համար արգելված առարկաների և նյութերի առգրավման կամ ոչնչացման մասին UEX-ը 10-օրյա ժամկետում գրավոր հաղորդում է ուղարկողին կամ Պատվիրատուին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված առարկաների և նյութերի առգրավման փաստի առթիվ ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինը որոշում է ընդունում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին:
9.5.    UEX-ը հայտարարում է, իսկ Պատվիրատուն համաձայնվում, որ UEX-ն իրավունք ունի զննելու փոստային Առաքանին և հանելու արգելված ներդրվածքը, ինչպես նաև ոչնչացնելու կամ թույլատրելու ոչնչացնել փոստային Առաքանին, որի ներդրվածքի պարունակությունը վտանգ է սպառնում աշխատողների կամ երրորդ անձանց առողջությանն ու կյանքին, և եթե այդ վտանգը հնարավոր չէ չեզոքացնել այլ եղանակով:
9.6.    UEX-ը պատասխանատվություն չի կրում Առաքանու կորստի, փչանալու (վնասվածքի), չհանձնելու կամ դրա առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար, եթե դրանք կատարվել են անհաղթահարելի ուժի ազդեցությամբ կամ պայմանավորված են փոստային առաքանու ներդրվածքի հատկանիշներով, որն ապացուցվել է հետագայում:
9.7.    Կողմերը նախատեսված պարտավորությունների մասնակի կամ ամբողջական չկատարման համար ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք, մասնավորապես՝ հրդեհ, բնական աղետներ, համաճարակային իրավիճակ, ցանկացած բնույթի ռազմական գործողություններ, չվերթների հետաձգում կամ չեղարկում, օտարերկրյա կազմակերպությունների կամ պետական մարմինների աշխատակիցների գործադուլներ, օտարերկրյա տոնական օրեր, պետական սահմանների փակում կամ աշխատանքների դադարում, իշխանափոխություն կամ ակցիաներ(ցույցեր) և այլ հանգամանքներ, որոնք Կողմերի վերահսկողությունից դուրս են։
9.8.    Նախորդ կետում նշված հանգամանքների առաջացման դեպքում Կողմերից յուրաքանչյուրը պետք է անհապաղ տեղեկացնի մյուս Կողմին դրանց մասին: Ծանուցումը պետք է պարունակի տվյալներ հանգամանքների բնույթի մասին, ինչպես նաև դրանց ազդեցության Կողմերի գնահատում՝ իրենց պարտավորությունները կատարելու ունակության վրա: Երրորդ երկրում տեղի ունեցած նման հանգամանքները կիրառելի են այնքանով, որքանով այդպիսի հանգամանքներն ուղղակի հետևանք են առաջացրել Ծառայությունների մատուցման վրա։

10.    ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
10.1.    Պատվիրատուն համաձայնվում և հաստատում է, որ Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է տրամադրել որոշակի անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ ամբողջական անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, վճարային քարտի համարը, գնումների և պատվերների մասին տեղեկություններ, հարցման հարցերի պատասխաններ և ցանկացած այլ տեղեկատվություն, որը ենթակա է տրամադրման։
10.2.    Սույն Ընդհանուր դրույթների ընդունմամբ Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը UEX-ի կողմից անձնական տվյալների մշակման, փոխանցման, օգտագործման համար:
10.3.    Ծառայությունների մատուցման շրջանակներում այս տեղեկատվությունը հավաքագրվում է տարբեր կերպ, օրինակ՝ Կայք այցելելիս կամ օգտահաշիվ մուտք գործելիս՝ էլ․ փոստի հասցեին առաջարկների ներկայացման և բջջային հաղորդագրությունների ուղարկման և այլ ծրագրի, առաջարկների ներկայացման համար:
10.4.    Պատվիրատուն ծառայությունների մատուցման ողջ ընթացքում UEX-ին է փոխանցում անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են UEX-ի կողմից Ծառայությունների մատուցման համար: Պատվիրատուն ապահովում է, որ այլ անձանց անձնական տվյալները փոխանցվեն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցվող տեղեկությունները կարող են փոխանցվել և օգտագործվել առանց լրացուցիչ համաձայնության՝ օրենքով սահմանված կարգով, օրինակ՝ տեղեկատվության հանրամատչելի լինելու դեպքում:
10.5.    Պատվիրատուն համաձայն է, որ անձնական տվյալներ չտրամադրելով վերջինս է կրելու դրա հնարավոր բացասական հետևանքների ռիսկը, ներառյալ Ծառայությունների մատուցման ժամկետների ձգձգումների հետ կապված ռիսկը, ծառայությունների մատուցման անհնարինության առաջացման կամ դրանց ոչ պատշաճ մատուցման ռիսկը:
10.6.    Պատվիրատուի կողմից փոխանցված տեղեկությունները կարող են օգտագործվել դրանք այլ անձանց տրամադրելու եղանակով, եթե դա է պահանջում Ծառայությունների մատուցումը: Պատվիրատուի անձնական տվյալները կարող են փոխանցվել մասնավորապես, սակայն չսահմանափակվելով, հետևյալ անձանց՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ՀՀ կամ երրորդ երկրների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ վարչական մարմիններին, ՀՀ ՊԵԿ-ին կամ դրա ցանկացած ստորաբաժանումներին։
10.7.    Պատվիրատուի անձնական տվյալները կարող են փոխանցվել UEX-ին ծառայություններ մատուցող հաշվապահական ընկերությանը՝ ծառայությունների համար վճարումների գործընթացը ապահովելու նպատակով՝ հաշիվների դուրս գրում, կատարված վճարումների վերահսկում և այլ համանման գործառույթների իրականացման համար:
10.8.    Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը, որպեսզի իր անձնական տվյալները վերը նշված բոլոր դեպքերում, եղանակով և նպատակներով, այդ թվում՝ դրանք երրորդ անձանց կամ այլ երկիր փոխանցելու նպատակով մշակվեն UEX-ի կողմից:
10.9.    Անձնական տվյալների պաշտպանությունը կարգավորվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։
10.10.    Կայքի սերվերները ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ Պատվիրատուների վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ, ինչպես նաև տվյալներ մեր կայքում գործունեության վերաբերյալ:
10.11.    Կայքը հավաքում է որոշ տվյալներ և Կայքից օգտվելու ընթացքում հետևում տեղեկատվության ստացման և դրան հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները կամ լոգ քայլերը: Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ անձի ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ: Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ այցելություն է կատարվում Կայք: Շատ բրաուզերներ ունեն քուքիներն անջատելու կամ  արգելափակելու ֆունկցիա, սակայն, այցելելով Կայք՝ առանց դրանք անջատելու, հնարավորություն է տրվում բարելավելու Կայքի հարմարավետությունը:
10.12.    18 տարեկան չդարձած անչափահաս անձանցից UEX-ը չի հավաքում կամ պահանջում տվյալներ։ Ծառայություններից օգտվելու նպատակով արգելվում է 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել Կայքում: UEX-ի ծառայություններից կարող են օգտվել լրիվ գործունակ (18 տարին լրացած անձինք, հաշվի առնելով նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված բացառությունները) անձինք: Եթե պարզ է դառնում, որ օգտահաշիվը պատկանում է 18 տարեկանից ցածր անձի, UEX-ն իրավունք ունի իր հայեցողությամբ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, կասեցնել օգտահաշվի կառավարումը կամ չեղարկել պատվերները, այն է՝ միակողմանի հրաժարվել իր պարտականությունների կատարումից և լուծել գործող պայմանագիրը, ուստի UEX-ը պատասխանատվություն չի կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից Կայքից և Ծառայություններից օգտվելու բացասական հետևանքների համար:

11.    ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
11.1.    Կայքի և դրա բովանդակության հետ կապված ցանկացած և բոլոր մտավոր սեփականության իրավունքները («Մտավոր սեփականություն») հանդիսանում են UEX-ի բացառիկ սեփականությունը:
11.2.    Ծառայությունների մատուցման ընթացքում UEX-ի կողմից մտավոր սեփականության օբյեկտ(ներ) ստեղծվելու դեպքում այդ օբյեկտ(ներ)ի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները չեն փոխանցվում Պատվիրատուին, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել հավելյալ:

12.    ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
12.1.    Կողմերի կողմից սույն Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների խախտման հետ կապված վեճերի դեպքում կիրառվում է վեճերի լուծման պարտադիր արտադատական (պահանջի) ընթացակարգ: Կողմը, որի իրավունքները խախտվել են, պարտավոր է մյուս Կողմին գրավոր պահանջ ներկայացնել: Պահանջի քննարկման ժամկետը՝ այն ստանալու օրվանից 10 (տաս) աշխատանքային օր է: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, մասնավորապես՝ պահանջը բավարարելուց կամ մասնակի հրաժարվելու դեպքում, սույն Պայմանագրով սահմանված ժամկետին պահանջին պատասխան չտրամադրելը՝ վեճը ենթակա է լուծման դատական կարգով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանում։
12.2.    Ներկայացված պահանջները և բողոքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պարտադիր քննարկման:
12.3.    Միջազգային փոստային առաքանու որոնման պահանջներն ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:
12.4.    Իրավաբանորեն նշանակալից հաղորդագրությունները (Ծառայությունների գների ցանկ, Ծառայությունների մատուցման ժամկետներ, հայտարարություններ, ծանուցումներ, ծանուցագրեր, պահանջներ, Պայմանագրի կատարման հետ կապված այլ փաստաթղթեր) Կողմերը կարող են միմյանց ուղարկել ստորև բերված հետևյալ եղանակներից մեկով (այդ թվում՝ անգլերեն լեզվով).
12.4.1.    Նամակով Կողմի էլեկտրոնային հասցեին (էլեկտրոնային փոստին)՝ PDF, JPEG ձևաչափերով կցված ֆայլով (այսուհետ՝ «ֆայլ») կամ հասարակ տեքստով: Էլեկտրոնային հաղորդագրություն ստացած Կողմը նման հաղորդագրությունը ստանալու օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հաստատել UEX-ի հաղորդագրության ստացումը կից ֆայլով` պատասխան հաղորդագրություն ուղարկելով Կողմի էլ. Փոստին, որին ուղարկվել է պատասխան հաղորդագրությունը (այսուհետ՝ պատասխան հաղորդագրություն)։ 
12.4.2.    Պատվիրված նամակով՝ Կողմի գտնվելու վայրի հասցեին։
12.4.3.    UEX-ի կողմից՝ Կայքում տեղադրելով։
12.4.4.    UEX-ի կողմից՝ Կողմի էլեկտրոնային հասցեին (էլեկտրոնային փոստին) ուղարկելով։
12.5.    Կողմերը ընդունում են Ծառայությունների մատուցման շրջանակներում էլեկտրոնային փոստով ուղարկված և ստացված փաստաթղթերը և այլ իրավաբանական նշանակություն ունեցող հաղորդագրությունները ներկայացնել որպես վեճերի լուծման ապացույց։

13.    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐԴ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ
13.1.    Սույն Ընդհանուր դրույթներն ամբողջությամբ կամ մասնակի՝ որոշ կետերի մասով, կարող են ենթարկվել փոփոխության UEX-ի կողմից, ինչի դեպքում Պատվիրատուի կամ որևէ սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում: Համապատասխան փոփոխության դեպքում UEX-ը ծանուցում է այդ մասին սույն Ընդհանուր դրույթներով նախատեսված որևէ եղանակով։ Ընդ որում, համապատասխան փոփոխությունը համարվում է ընդունված Պատվիրատուի կողմից, եթե հակառակի մասին Պատվիրատուն ուղղակիորեն չի հայտնել UEX-ին։

14.    ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
14.1.    Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված բռնագանձման պահանջները քննվում են ՀՀ Քաղաքացիական Դատավարության օրենսգրքով սահմանված պարզեցված վարույթի կարգով։

15.    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
15.1.    Պատվիրատուի հասցեն և էլեկտրոնային փոստը ենթակա է լրացման Կայքում՝ օգտահաշվի ստեղծման փուլում։
15.2.    Կողմերը պարտավորվում են միմյանց ծանուցել իրենց հասցեների և այլ վավերապայմանների փոփոխությունների մասին՝ նման փոփոխությունների պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Կատարված փոփոխությունների մասին չծանուցելու դեպքում նշված հասցեները և վավերապայմանները համարվում են պատշաճ:
15.3.    UEX-ի հասցեն է՝ Հայաստան, Երևան, Գայի պողոտա 37, նրբանցք 43։
15.4.    UEX-ի էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected] ։

16.    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
16.1.    Պատվիրատուին իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի կարգով հրաժարվել Պայմանագրի կատարումից՝ նախապես փոխհատուցելով Ծառայությունների դիմաց պարտավորությունները, UEX-ի կրած ծախսերը և վնասները:
16.2.    Պայմանագրի լուծման նպատակով Պատվիրատուն պարտավոր է ծանուցել այդ մասին UEX-ին՝ օգտահաշվի հեռացման նպատակով։
16.3.    UEX-ն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն հրաժարվելու Պայմանագրից և պարտավորությունների կատարումից, այդ մասին ծանուցելով Պատվիրատուին, ներառյալ այն դեպքերում, երբ՝
16.3.1.    Դադարել է լիցենզիայի գործողության ժամկետը կամ իրավական ուժը,
16.3.2.    Դադարել է գործակալության պայմանագրի իրավական ուժը կամ մյուս կողմը (Պրինցիպալը կամ գործակալը) հրաժարվել է պայմանագրի կատարումից, 
16.3.3.    Պատվիրատուն վտանգ է ներկայացնում UEX-ի գործունեությանը կամ տարածում է արատավորող կամ կեղծ տվյալներ,
16.3.4.    Պատվիրատուն ներկայացրել է անհամաձայնություն Ընդհանուր դրույթներին կամ դրա փոփոխություններին,
16.3.5.    Դադարել է երրորդ անձանց հետ կնքված բեռնափոխադրման պայմանագրերի գործողության ժամկետը
16.4.    Կայքում օգտահաշվի ստեղծումն ուղղակիորեն ենթադրում է սույն Ընդհանուր դրույթների ընդունում, դրանում արտացոլված պայմանների հետ համաձայնում և հրապարակային Պայմանագրի (օֆերտայի) ակցեպտավորում։